Այսօր Մարտի 1-ի ողբերգական դեպքերի 10-ամյա տարելիցն է (լուսանկարներ, տեսանյութ)
Ուղիղ 10 տարի առաջ Երևանի կենտրոնում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, որի հետևանքով զոհվեց 10 քաղաքացի:
2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում և պահանջում էին ընտրությունների արդյունքների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում:
Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին: Մարդիկ սկսեցին հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ: Նույն օրը երեկոյան երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն հայտարարեց, ապա ուժային կառույցները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետևանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան, ևս 200 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան:
10 զոհերի անուններն են՝ Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Տիգրան Խաչատրյան, Արմեն Ֆարմանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադևոսյան, Գրիգոր Գևորգյան, Սամվել Հարությունյան, Զաքար Հովհաննիսյան:
Հայաստանում տեղի ունեցան զանգվածային ձերբակալություններ ու կալանավորումներ:
Այսօր՝ այդ դեպքերից 10 տարի անց, տասը անձանց մահվան համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել և չի դատապարտվել: Զոհված 8 քաղաքացիական անձանցից 7-ը մահացել են հրազենային վիրավորման հետևանքով, ընդ որում` 3 անձ զոհվել են «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցներից վիրավորվելու հետևանքով, որն օգտագործվել է միայն իրավապահ մարմինների կողմից: