«Արմենիա» հեռուստաընկերությունը «Հին արքաներ» հեռուստասերիալի համար «Հայկյան» մրցանակաբաշխությանը հատուկ մրցանակի է արժանացել (լուսանկարներ)
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիայի թատրոնում կայացած «Հայկյան» մրցանակաբաշխությանը հատուկ մրցանակի արժանացավ «Արմենիա» հեռուստաընկերությունը՝ երիտասարդների շրջանում կրթադաստիարակչական մեծ դեր ունեցած «Հին արքաներ» պատմական հեռուստասերիալի համար:
Մրցանակը հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Բաբախանյանին հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հեռուստաընկերության տնօրենը շնորհակալություն հայտնեց մրցանակի համար և նկատեց, որ այսօր «մոդայիկ» է քննադատել հեռուստատեսությունը, առավել ևս` հեռուստասերիալները: «Կարող եմ ասել մեկ բան, որ անցած տարի սա մեզ համար ամենամասշտաբային և ծախսատար պրոյեկտն էր, որը իրականացվելուց հետո մենք ունեցանք շատ բարձր դիտողականություն, ինչի համար շատ շնորհակալ եմ նաև մեր հեռուստադիտողներին»,-ասաց նա:
Լրագրողների հետ զրույցում Դավիթ Բաբախանյանն ասաց, որ շատ պարտավորեցնող է մրցանակը: «Շատ հաճախ այն պնդումը, որ որակյալ ապրանք չի արտադրվում սխալ է, մենք շատ շնորհակալ ենք այս մրցանակի համար, քանի որ ցանկացած ստեղծագործող մարդ միշտ ուզում է ստանալ այդ գնահատականը, որպեսզի ոգեշնչվի և լիցքավորվի դրանից և շարունակի ստեղծագործել ու ավելի լավ պրոյեկտներ ստեղծել»,-ասաց նա:
Նշենք, որ «Հին արքաները» «Յուքոմի» հետ համատեղ ստեղծված նախագիծ է և առաջինը ցուցադրվել է «Յուքոմ» ցանցում հեռարձակվող «Արմենիա» պրեմիումի եթերում, որից հետո «Արմենիա» հեռուստաընկերությունում, և ունեցել է աննախադեպ բարձր վարկանիշը:
Հայտնենք, որ մրցանակաբաշխությանը մրցանակներ ստացան 2017թ. ընթացքում երիտասարդական ոլորտում իրենց լավագույնս դրսևորած գործիչները, կառույցները, երիտասարդական ծրագրերի հեղինակները: «Հայկյան-2017» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար ընդունվել է մոտ 40 հայտ: