Պուտինը Մակրոնի և Մերկելի հետ հեռախոսազրույց է ունեցել Արևելյան Ղուտայի իրավիճակի շուրջ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսով քննարկել է Արևելյան Ղուտայում իրավիճակը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է «սիրիական խնդիրը՝ Արևելյան Ղուտայում իրավիճակի զարգացման և այդ շրջան, ինչպես նաև Սիրիայի այլ շրջաններ մարդասիրական օգնության մուտքն ապահովելու համատեքստում»:
Պուտինը տեղեկացրել է Մերկելին և Մակրոնին խաղաղ բնակիչների տարհանման, մարդասիրական բեռների մատակարարման և բնակչությանը բժշկական օգնություն տրամադրելու ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած քայլերի մասին:
«Ուշադրություն է հատկացվել նրան, որ ռազմական գործողությունների դադարեցումը չի տարածվում ահաբեկչական խմբավորումների դեմ գործողությունների վրա»,- հավելել են Կրեմլում:
«Ձեռք է բերվել պայմանավորվածություն Սիրիայում իրավիճակի վերաբերյալ տարբեր կապի միջոցներով տեղեկատվության փոխանակումն ակտիվացնելու համար»,- նշել են Կրեմլի մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Արևելյան Ղուտայում շարունակվող թեժ մարտերի ու ինտենսիվ հրթիռակոծությունների հետևանքով մեկ շաբաթվա ընթացքում զոհվել է 505 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 123 երեխա:
Հիշեցնենք, որ շաբաթ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ընդունել է թիվ 2401 բանաձևը, որը պահանջում է բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել բախումները և Սիրիայի ողջ տարածքում առնվազն 30 օրով ապահովել մարդասիրական դադարը՝ մարդասիրական օգնության անվտանգ մատակարարումը և ծանր հիվանդների և վիրավորների բժշկական տարհանումը կազմակերպելու համար: