Ռուսաստանում մահացել է հայազգի հայտնի կոնստրուկտոր Գեորգի Միրզոևը
«ԱվտոՎԱԶ»-ի նախկին գլխավոր կոնստրուկտոր Գեորգի Միրզոևը փետրվարի 23-ին մահացել է 83 տարեկանում: Այս մասին հայտնում է «Новости Тольятти» պորտալը:
Միրզոևը ծնվել է Թբիլիսիում, նրա հայրն ու պապիկը աշխատել են Թբիլիսիի շարժակազմերի վերանորոգման գործարանում:
1951 թվականին դպրոցն ավարտելուց անմիջապես հետո Գեորգին ընդունվել է Մոսկվայի ավտոմեքենայական ինստիտուտ: Ընդունվելով ինստիտուտի ասպիրանտուրա՝ նա հետո իր ճակատագիրը կապել է Տոլյատիի հետ:
Գեորգի Կոնստանտինովիչը մասնակցել է մեծ թվով ավտոմեքենաների մշակմանը և թողարկմանը, առանց որոնց ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի ավտոարտադրությունն ուղղակի անհավանական էր՝ ՈՒԱԶ-452, ՈՒԱԶ-469, ՎԱԶ-2121 Նիվա, ՎԱԶ-2105… Միզոևի գլխավոր հաղթանակներից մեկը իրավամբ համարվում է ՎԱԶ-2108-ը, որը ներկայումս դարձել է կուլտային «08», որն իր ժամանակին գործարկել է հայրենական ավտոմեքենաշինության նոր դարաշրջանը: Իսկ այնուհետև եղել են ՎԱԶ-2110, «Սամարա-2», ՎԱԶ-1111 Օկա, ՎԱԶ-2123 (ներկայումս՝ Chevrolet Niva), ՎԱԶ-1119 Կալինա ընտանիքները:
Վերջին տարիներին նա զբաղվում էր վառելիքի այլընտրանքային տեսակներով աշխատող ավտոմեքենաների մշակմամբ: Տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Միրզոևը նաև ավտոմեքենաշինության վերաբերյալ մի քանի գիտական աշխատությունների հեղինակ է:
Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա փետրվարի 26-ին մոսկովյան №36 հիվանդանոցում: Հուղարկավորությունը ևս տեղի կունենա ՌԴ մայրաքաղաքում: