Թուրքական մեջլիսը քննադատել է Հոլլանդիայի կողմից ցեղասպանության օրինագծերի ընդունումը
Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ) խոսնակի գրասենյակի կողմից տարածվել է հայտարարություն, որում քննադատվել է Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու օրինագծերի ընդունումը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:
«Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովը 1915 թ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ անհիմն պնդումները հիմք ընդունելով կայացված որոշումները չի ճանաչում, խստորեն քննադատում է և անվավեր համարում»,- ասվում է հայտարարության մեջ և հավելվում, որ Նիդերլանդների այս քայլը միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի տեսակետից «բացասական հետք» է կթողնի։
Հիշեցնենք, որ Հոլանդիայի խորհրդարանի ստորին պալատը քվեների մեծամասնությամբ (142 կողմ, դեմ՝3) ընդունել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի զանգվածային սպանդը որպես ցեղասպանություն ճանաչելու երկու օրինագիծ:
Ըստ առաջինի՝ Հոլանդիան վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու 2004 թվականի որոշումը, ըստ երկրորդի, այս տարվա ապրիլի 24-ին, ապա հինգ տարին մեկ Երևան է գործուղվելու Նիդերլանդների կառավարության ներկայացուցիչն, ով մասնակցելու է Հայոց Եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություններին: