Թուրքիայում հազարավոր մարդիկ լքել են ազգայնական կուսակցության շարքերը
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) անդամների թիվը կտրուկ նվազել է։ Վերջին 4,5 ամսվա կուսակցության շարքերը լքել է 14 հազար 341 անդամ։ Քաղաքական կուսակցությունների անդամների և գործունեության վերահսկողությամբ զբաղվող հանրապետական դատախազության հրապարակած տվյալների համաձայն «ԱՇԿ»-ն 2017թ. հոկտեմբերի 5-ի դրությամբ ունեցել է 498 հազար 915 անդամ, մինչդեռ ներկայումս այդ թիվը նվազել է 484 հազար 574-ի։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:
Կուսակցության անդամների արտահոսքը հիմնականում պայմանավորվում է նրանց՝«ԱՇԿ» նախկին անդամ Մերալ Աքշեների հիմնած նոր «Լավ» («İyi») կուսակցությանն անդամակցելու ցանկությամբ։
Նշենք, որ 2017թ.-ի հոկտեմբերի 25-ին հիմնված «Լավ» կուսակցությունը 2018թ. փետրվարի 22-ի դրությամբ ունի 51 հազար 64 անդամ։
Իսկ երկրի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP)կուսակցության անդամների թիվը վերջին 10 ամսվա ընթացքում 580 հազար 128 անդամով ավելանալով՝ հասել է 9 միլիոն 949 հազար 45-ի։