Կիևի ոստիկանությունն ազատ է արձակել հայ գործարարին. նրա համար 500 հազար դոլար փրկագին էին պահանջել
Կիևի ոստիկանությունը հատուկ գործողության ընթացքում ազատել է հայ գործարար Սուրեն Մամայանին, որի ազատ արձակման համար հանցագործները 500 հազար դոլար փրկագին էին պահանջել: Այս մասին հաղորդում է Интерфакс Украина-ն:
«Հայտնի է, որ գործարարին առևանգել էին Կիևի Օբոլոնսկի թաղամասում: Նա 11 օր գամված է եղել անկողնուն: Ոստիկանությունը և Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցներն այդ ամբողջ ընթացքում փորձել են ազատել պատանդին, և փետրվարի 17-ին դա հաջողվել է անել», - ասել է Ազգային ոստիկանության Կիևի գլխավոր վարչության պետ Անդրեյ Կրիշչենկոն ճեպազրույցի ժամանակ:
Կրիշչենկոյի խոսքով՝ ձերբակալվել է մի քանի մարդ, որոնք գտնվել են դեպքի վայրում:
Մանրամասներ ներկայացնելով ձերբակալվածների, հանցագործության շարժառիթների և տուժածի մասին՝ Կրիշչենկոն ասել է, որ հանցագործներն Ուկրաինայի քաղաքացիներ են, և ավելի վաղ նրանցից մի քանիսը խնդիրներ են ունեցել օրենքի հետ:
Լրագրողները նաև հարցրել են ճեպազրույցին ներկա գտնվող Սուրեն Մամայանին՝ որտեղից են առևանգողներն իմացել, որ կարող են այդքան մեծ փրկագին պահանջել:
«Նրանք գիտեին, որ մենք աջակցում ենք իրար, որ որդիս, մյուս բարեկամներս ու ծանոթներս կհավաքեն այդ գումարը», - ասել է հայ գործարարը: