Մոսկվան ծիծաղում է մեզ վրա. Դոնալդ Թրամփ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտության հարցով ընթացող սկանդալային հետաքննությանը՝ նկատելով, որ «ԱՄՆ-ն ծիծաղի առարկա է դարձել Մոսկվայի համար»:
Թրամփի կարծիքով՝ ԱՄՆ-ն, փորձելով ապացուցել, որ Ռուսաստանը միջամտել է ընտրություններին, ծիծաղի առարկա է դարձել Մոսկվայի համար: Այս մասին 71-ամյա ղեկավարը գրել է իր թվիթերյան էջում:
«Եթե Ռուսաստանի նպատակն ԱՄՆ-ում անհամաձայնության, պառակտման և քաոսի ստեղծումն էր, ուրեմն՝ նրանք իրագործեցին իրենց ամենահամարձակ երազանքները՝ հաշվի առնելով միջամտության թեմայով ընթացող լսումները, հետաքննություններն ու կուսակցական ատելությունը»,- գրել է Թրամփը:
Այս գրառմանը նախորդել էր նույն թեմայի վերաբերյալ մեկ այլ «թվիթ», որում նախագահը, մասնավորապես, նշել է. «Ես երբեք չեմ ասել, որ Ռուսաստանը չի միջամտել ընտրություններին:
Ես ասել եմ, որ «դա կարող է լինել Ռուսաստանը, Չինաստանը, որևէ այլ երկիր կամ խմբավորում կամ, միգուցե, դա կարող է լինել 400 ֆունտ քաշով (181 կգ) մի տաղանդ, որն անկողնում պառկած խաղում էր իր համակարգչով: Ռուսական սուտն այն էր, որ Թրամփի շտաբը պայմանավորված է եղել Ռուսաստանի հետ: Նման բան երբեք չի եղել»:
Հայտնի է, որ ընտրություններին ռուսական միջամտության հարցով հետաքննության գլխավոր դատախազ Ռոբերտ Մյուլերը փետրվարի 16-ին մեղադրանք է ներկայացրել Ռուսաստանի 13 քաղաքացու և 3 ընկերության: Նրանք մեղադրվում են խարդախության և ԱՄՆ-ի դեմ դավադրության համար:
Հայտնի է, որ ռուսական կողմի հավանական միջամտության հարցով հետաքննությունը վարում են Հետաքննությունների դաշնային բյուրոն ու Կոնգրեսի մի քանի հանձնաժողով: