Նոր մանրամասներ Իրանում կործանված ուղևորատար ինքնաթիռից. ՀՀ ԱԳՆ-ն փորձում է պարզել ինքնաթիռում հայեր եղել են թե ոչ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Իրանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, որում եղել է առնվազը 60 ուղևոր և անձնակազմի 6 անդամները:
Daily Sabah-ի աղբյուրի տվյալների համաձայն՝ Aseman Airlines ավիաընկերության ինքնաթիռն ուղևորվում էր Թեհրանից Յասուջ քաղաք:
Իրանի արտակարգ ծառայությունների հաղորդմամբ՝ ինքնաթիռը կործանվել է Սպահան նահանգի մոտակայքում` լեռնային հատվածում:
Tasnim գործակալությունը նշում է, որ մի քանի մարդ կարող էր ողջ մնալ:
Press TV հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ մի քանի ականատես տեսել է՝ ինչպես է ինքնաթիռը փորձել վթարային վայրէջք կատարել ֆերմաների մոտակայքում:
Daily Sabah-ի նախնական տվյալներով՝ Aseman Airlines ավիաընկերության ATR 72 ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:
Ըստ BBC գործակալության՝ եղանակային վատ պայմանների պատճառով արտակարգ իրավիճակների նախարարության ուղղաթիռը չի կարողացել հասնել վթարի վայր։
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն այս պահին փորձում է ճշտել՝ արդյոք Իրանում այսօր կործանված ուղևորատար ինքնաթիռում ազգությամբ հայեր կան, թե՝ ոչ: