ALDE փոխնախագահը խոսել է Հայաստանի առջև ծառացած հիմնական խնդիրների մասին
Շատ մեծ պատիվ ունեմ այստեղ ներկայացնել ALDE կուսակցությանը, և մեր հարաբերությունները ՀԱԿ-ի հետ շատ երկար պատմություն ունի, արդեն երկար տարիների համագործակցության փորձ ունենք, ասաց Հայաստանում գտնվող Եվրոպայի Լիբերալների և ժողովրդավարների Ալյանսի (ALDE) փոխնախագահ Հենրիկ Բախ Մորտենսենը ՀԱԿ գրասենյակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
«Մեզ համար շատ կարևոր ունենալ ազատական գործընկերներ եվրոպական միությունից դուրս, Հայաստանը այս առումով շատ կարևոր է մեզ համար: Մենք շատ ուրախ և հպարտ ենք մեր համագործակցությամբ ՀԱԿ–ի հետ, որը Հայաստան անկախություն և ժողովրդավարություն բերող ուժ էր և ես, իհարկե, չեմ ցանկանում Հայաստանի քաղաքական գործերին խառնվել, բայց միշտ ցանկանում ենք մեր գործընկերներն այստեղ հաջողություն ունենան, մեր ազատական ընտանիքը ընդլայնվի»,-ասաց նա:
Նա նշեց, որ տեղյակ է նաև այն խնդիրներին, որ ծառացած են Հայաստանի նման փոքր երկրների առջև: Նա նշեց, որ ժողովրդավարացման հաստատման համար կարևոր է պահպանել հիմնարար մի քանի սկզբունքներ՝ իշխանության տարանջատման սկզբունքները, դատական համակարգի, խորհրդարանի անկախությունը:
Հարցին, թե եվրոպացի պաշտոնյան ինչպե՞ս է մեկնաբանում Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությանը` Երևանը և Զանգեզուրը գրավելու մասին, միաժամանակ ինչպե՞ս է գնահատում Մինսկի խմբի աշխատանքը հակամարտության կարգավորման ուղղությամբ, նա պատասխանեց. «Իհարկե, Եվրոպայում բոլորը տեղյակ են այս տարածաշրջանի կոնֆլիկտի մասին և իհարկե, մենք բոլորս էլ կողմ ենք այս կոնֆլիկտը խաղաղ ուղղությամբ լուծելու ջանքերին և գիտակցում ենք, որ սա պարզունակ հարց չէ, սա շատ բարդ խնդիր է և այստեղ լուծման հասնելու համար պետք է զգուշավոր լինել , այս ամենը հաճախ շատ ժամանակ է պահանջում: ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է տանի խնդրի լուծման առաջավոր դերը և առանց խառնվելու Մինսկի խմբի գործերին և խնդրի շուրջ ինձ փորձագետ չհամարելով նշեմ իմ անձնական փորձի մասին, որ եթե իսկապես ցանկանում ես որևէ կոնֆլիկտ լուծել, ապա պետք է ջանքեր թափել լուծումներ գտնելու վստահության , ոչ թե ապակառուցողական դիրքորոշման ճանապարհով»,-ասաց նա: