Ավելի քան 70 հոգի հոսպիտալացվել է սիբիրախտի կասկածով Թուրքիայում
Թուրքիայի հյուսիսում 73 մարդու են հոսպիտալացրել՝ սիբիրախտով վարակված լինելու կասկածով, հայտնում է Gazeta.ru-ն:
Անցյալ շաբաթ Տրապիզոն սևծովյան նահանգի տարածքում սիբիրախտ են հայտնաբերել կովերից մեկի մոտ: Չնայած իշխանությունների նախազգուշացումներին՝ կենդանու տերը մորթել է կովին և միսը բաժանել հարևանների միջև:
Հիվանդ կենդանու միսն օգտագործելուց հետո բնակիչները թուլություն և սրտխառնոց են զգացել: Հետազոտությունը ցույց է տվել, որ նահանգի բնակիչներից 3-ը վարակված են սիբիրախտով: Բացի այդ, նշվում է, որ մեկ կին մահացել է: Նրա մոտ նույնպես հաստատվել է այդ ախտորոշումը:
Նահանգում դեռևս կարանտին չի հայտարարվել, սակայն իշխանությունները հետաքննում են կատարվածը: