ԱՄՆ-ում տղամարդը 4 մարդ է սպանել ու ինքնասպան եղել
ԱՄՆ Քենտուկի նահանգում տղամարդը 4 մարդու է սպանել, որից հետո ինքնասպան է եղել: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով Քնետուկի նահանգի Ջոնսոն շրջանի շերիֆի վարչության՝ Facebook-ում հրապարակված մամուլի հաղորդագրությանը:
Հաղորդագրության մեջ նշված է, որ փետրվարի 10-ին Փեյնթսվիլ քաղաքի 911 ծառայություն են զանգահարել՝ հայտնելով հրաձգության մասին: Զանգից հետո ծառայությունը կապ է հաստատել շրջանային շերիֆ Դվեյն Փրայսի հետ, որը հանցագործության վայր է եկել և բնակարաններից մեկի խոհանոցում 2 զոհի հայտնաբերել: Նրանց գնդակահարել էին, չարագործին հանցագործության վայրում չեն հայտնաբերել:
Վկայի խոսքով՝ հանցագործը հեռացել է սև Toyota Camry-ով: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել Փեյնթսվիլում և քաղաքին հարևան շրջաններում:
Ավելի ուշ ավտոմեքենան հայտնաբերվել է Փեյնթսվիլի փողոցներից մեկում: Փրայսը խուզարկել է շենքը, որի մոտ ավտոմեքենան կայանված էր: Բնակարաններից մեկում ևս 2 զոհի մարմին է հայտնաբերվել, ինչպես նաև հանցագործի դին, որն ինքնասպանություն էր գործել:
«Բառեր չկան նկրագրելու այն վիշտը, որ ապրում ես 4 զոհի մարմին տեսնելիս, որոնց կյանքը մեկ մարդ է խլել: Ես իրավապահ մարմիններում աշխատում եմ 34 տարի: Եվ սա ամենացնցող բռնության ակտերից մեկն է, որպիսին երբևէ տեսել եմ»,- հայտարարել է Փրայսը:
Շերիֆը հայտնել է, որ այս գործի հետաքննությունը շարունակում է նահանգի ոստիկանության հետ: