Ռուսաստանում գտել են անցած հոկտեմբերից անհետացած հայ գործարարի դին՝ բռնի մահվան հետքերով
ՌԴ Կիրովսկի շրջանի Նովոպավլովսկ քաղաքի արտադրական տարածքներից մեկում փետրվարի 3-ի առավոտյան հայտնաբերվել էր տղամարդու դի՝ բռնի մահվան հետքերով:
Ռուսաստանի քննչական կոմիտեի Ստավրոպոլի քննչական վարչության կողմից նշանակվել էին մի շարք փորձաքննություններ, որոնց արդյունքներով պարզ է դարձել, որ հայտնաբերվածը 2017-ի հոկտեմբերից անհետ կորած համարվող 65-ամյա Գևորգ Սերյոժայի Բազինյանի դին է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2017-ի հեկտեմբերի 13-ին Բազինյանը իր մեքենայով դուրս էր եկել աշխատանքի վայրից ու անհետացել, նրա մեքենան հայտնաբերվել էր դատարկ՝ Նովոպավլովսկ-Մարյինյան ճանապարհին, անտառամերձ հատվածում: Նրա անհետացման փաստով քրեական գործ էր հարուցվել՝ ենթադրյալ սպանության հատկանիշներով:
Եվ ահա, մի քանի օր առաջ հայտնաբերվում է Բազինյանի դին՝ բռնի մահվան հետքերով: Իրավապահները պարզում են նրա սպանության հետ կապված գործող անձանց շրջանակը ու նաև խնդրում որևէ տեղեկություն իմացողի՝ այդ մասին հայտնել ոստիկանությանը:
Գևորգ Սերյոժայի Բազինյանին էր պատկանում «Ապոլոնսկոյե» ապրանքանիշը, որը զբաղվում է օղու, գինու, կոնյակի արտադրությամբ: