Մոսկվայում ձերբակալվել է ադրբեջանական հանցավոր խմբի առաջնորդը‚ ով 20 տարի թաքնվում էր ՌԴ-ում
Ադրբեջանի հանցավոր խմբի առաջնորդին‚ ով 20 տարի թաքնվում էր Ռուսաստանում այլ մարդու անվան տակ‚ ձերբակալել են Մոսկվայում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկի խոսքերին:
Նրա խոսքով՝ 49-ամյա տղամարդը միջազգային հետախուզման մեջ է եղել ծեծկռտուքների‚ մարդկանց առևանգելու և այլ հանցավորություններ կատարելու համար‚ որոնք կատարվել են Ադրբեջանի տարածքում:
«1997 թվականից նա խուսափել է քրեական պատասխանատվությունից: Օգտագործելով ԽՍՀՄ քաղաքացու անձնագիրը՝ նա ստացել է ՌԴ քաղաքացիություն: Ինչպես հայտնել են իրավապահ համակարգի աշխատակիցները‚ այս տվյալների ներքո Ադրբեջանի Հանրապետությունում ապրում է լրիվ այլ մարդ»‚- նշել է Վոլկը:
Նրա տանը խուզարկություն անելու ընթացքում ատրճանակներ‚ փամփուշտներ են հայտնաբերել: