Հավը երազում կորեկ է տեսնում. Ադրբեջանի նախագահի հայտարարությունները դառնում են ծաղրի առարկա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Երևանը ադրբեջանական քաղաք դարձնելու» մասին հայտարարությունները, նրա կողմից Երևանը որպես «պատմական ադրբեջանական քաղաք» ներկայացնելը դառնում է միայն քամահրանքի և ծաղրի առարկա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արևելագետ Վարդան Ոսկանյանը:
Իլհամ Ալիևը Հայաստանի վրա ճնշում գործադրելու և մի շարք այլ նմանատիպ ամպագոռգոռ հայտարարություններով հանդես է եկել Ադրբեջանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության 6-րդ համագումարի ընթացքում:
«Սա հերթական անմիտ հայտարարությունն է Ադրբեջանի բռնապետի կողմից: Ակնհայտ է, որ «Երևան վերադառնալու», կամ «Երևանը ադրբեջանական քաղաք դարձնելու»՝ Ալիևի հորջորջանքները նպատակ ունեն Ադրբեջանի գավառական խավերին հավաստիացնելու, թե այդ երկրի նախագահը կարող է լրջագույն քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ խնդիրները ուժային մեթոդաբանությամբ կարգավորելու առումով: Ցանկացած իրեն հարգող մարդ, ով քիչ թե շատ ծանոթ է ադրբեջանցիներին և այդ երկրին, գիտի, որ Երևանը երբևիցե ադրբեջանական քաղաք չի եղել: Երևանն ունի հստակ պատմություն և այդ պատմությունը հայտնի է ամբողջ աշխարհին, և Ալիևը նման հայտարարություններով ուղղակի գավառական դիվիդենտներ է վաստակում ադրբեջանական լսարանի անտեղյակ որոշակի հատվածի կողմից: Ես չեմ կարծում, որ լուրջ լսարանը, թեկուզ հենց Ադրբեջանի ներսում, հավատում է և զավեշտալի չի համարում նման հայտարարությունները»,-նշեց Վարդան Ոսկանյանը:
Վարդան Ոսկանյանը նշեց, որ խոսելով Ադրբեջանում ժողովրդավարության առաջընթացի մասին՝ Ալիևը փորձում է «թոզ փչել» միջազգային հանրության աչքերին:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանում տեղի ունեցած՝ իբր ժողովրդավարական զարգացումների մասին Ալիևի հայտարարություններին, ապա կարող եմ ասել, որ խորհրդային հին անեկդոտի նման՝ Ադրբեջանն ու ժողովրդավարությունը միմյանց հակասող հասկացություններ են: Ադրբեջանը, որտեղ իշխում է Ալիևների կլանը և որտեղ մենք ունենք նույնիսկ ոչ թե ավտորիտար այլ բառացիորեն միջնադարյան միապետական համակարգ, որտեղ ամեն ինչ վճռվում է ներկլանային պայքարի արդյունքում, ժողովրդավարության որևէ նշույլ անգամ լինել չի կարող: Այս իմաստով ժողովրդավարությունը և Ադրբեջանը հակացուցված են միմյանց:
Նման հռետորաբանությամբ ժողովրդավարության վերաբերյալ հայտարարություններով Բաքվի բռնապետը փորձում է, ինչպես ասում են, «թոզ փչել» միջազգային հանրության աչքին, ինչն անհաջող քայլ է: Այդ քայլը նույնքանով անհաջող է, որքանով Երևանը, իբր, «գրավելու» մասին՝ նրա պարբերաբար հնչեցվող հայտարարությունները: Կարծում եմ, որ նրա այս հայտարարություններին ուղղակի չպետք է լրջորեն մոտենալ, դրանք արժանի են միայն քամահրանքի և նույնիսկ ծաղրի»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը:
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը անգրագետ, անիմաստ ու ծիծաղելի է համարում նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԺ փոխխոսնակը նշեց, որ Ալիևի նման հայտարարությունները համեմատելի են նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հայտարարությունների հետ:
«Ծիծաղելի է, երբ երկրի նախագահը, որի հարյուր տարին դեռ չի լրացել, պատմական հողերի մասին է խոսում: Իմաստ չունի Ալիևին որևէ բան խորհուրդ տալ, սակայն, այնուամենայնիվ, թող կարդա հին պատմաբաններին, օրինակ՝ Ստաբոնին՝ հայերի եւ Հայաստանի հնագույն ակունքների մասին գիտելիքներ ձեռք բերելու համար»,- նշեց Աժ փոխնախագահը:
Շարմազանովը նաև կոչ արեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին և ամբողջ միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել Ալիևի հայտարարությանը եւ համապատասխան եզրահանգումներ անել: