Մոսկվայի Բասմանի դատարանը Օլեգ Մկրտչյանին կալանավորել է
Մոսկվայի Բասմանի դատարանը «Դոնբասի արդյունաբերական միություն» (ԴԱՄ) կորպորացիայի գլխավոր տնօրեն, «Կուբան» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Օլեգ Մկրտչյանին առանձնապես խոշոր չափի խարդախության մեղադրանքով մինչև ապրիլի 5-ը կալանավորել է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դատարանի մամուլի քարտուղար Յունոնա Ցարևային:
ԴԱՄ-ը դեռ չի մեկնաբանել միջադեպը, սակայն «Ուկրաինսկայա պրավդայի» տվյալներով, կալանավորումը կարող է կապված լինել Մկրտչյանի կորպորացիայի նախագծերի համար ռուսական բանկերի կողմից տրամադրված փողերի յուրացման գործի հետ:
2016 թվականի սկզբին Օլեգ Մկրտչյանը հայտարարեց, որ սահմանափակ հնարավորությունների պատճառով այլևս չի կարող ֆինանսավորել «Կուբանը»: Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի հետ հանդիպման ժամանակ նա խնդրել էր տարածաշրջանի ղեկավարությանը անհատույց ընդունել ակումբի բաժնետոմսերը: Մինչ այդ «Կուբանը» ֆինանսական ճգնաժամ էր ապրում. ֆուտբոլիստները կես տարի աշխատավարձ չէին ստացել: