«Օբաման խաբեց մեզ Մանբիջի հարցում, և ինչպես երևում է՝ Թրամփն էլ է բռնել նույն ճամփան». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սիրիական Մանբիջի հետ կապված իրենց տված խոստումները չկատարելու համար, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Ըստ Էրդողանի՝ Թրամփը, ինչպես և ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, խոստացել էին ամերիկյան աջակցությունը վայելող զինված քրդական ջոկատներին դուրս բերել Մանբիջից դեպի Եփրատի արևելք, սակայն չեն կատարել այդ խոստումը:
«Օբաման խաբեց մեզ Մանբիջի հարցում, և ինչպես երևում է՝ Թրամփն էլ է բռնել նույն ճամփան», - ասել է նա:
Նախօրեին Էրդողանը հայտարարել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջախջախումից հետո ԱՄՆ-ի գործողությունները Սիրիայում ուղղված են Թուրքիայի դեմ:
Էրդողանը վերահաստատել էր թուրքական ԶՈւ-ի՝ սիրիական Աֆրինից հետո Մանբիջ շարժվելու մտադրությունն ու կոչ արել ԱՄՆ-ին դուրս բերել իր զինվորականներին այդ տարածքից:
Ավելի վաղ ամերիկացի զինվորներին Մանբիջից դուրս հանելու կոչեր էր հղել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ինչին ի պատասխան ԱՄՆ Պենտագոնից հայտնել էին, որ նման մտադրություն չունեն: