Սիրիայում վիրավորված 2 հայերից մեկին՝ քրոջը, վիրահատում են. բացի իրենցից, կա նաև զոհված
Ինչպես արդեն հայտնել ենք, Դամասկոսի Բաբ Թումա հայաշատ թաղամասի ականանետային ռմբակոծման հետևանքով երկու հայ է վիրավորվել:
«Գանձասար»-ը, հղում կատարելով իր ոստիկանական աղբյուրներից մեկին, մանրամասներ է ներկայացնում հրթիռակոծության ժամանակ վիրավորված 2 հայերի դեպքի մասին:
Ղութայի արևելյան շրջանում տեղակայված ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Պապ Թումա շրջանը, որի ժամանակ 1 հրթիռ է ընկել այդ շրջանում ապրող հայ ընտանիքի տան վրա, ուր եղել են տանտերերը՝ Նուրիցա Դեմիրճյան-Օրջյանը և նրա եղբայրը՝ Սարգիս Դեմիրճյանը, ինչպես նար Ղազալ անունով տեղացի մի կին, որը խնամում է Նուրիցա Դեմիրճյան-Օրջյանին, վերջինս անկողնային հիվանդ է: Հրթիռի ընկնելու հետեւանքով խնամող կինը տեղում մահացել է, 2 հայերը տեղափոխվել են հիվանդանոց, առավելապես տուժել է քույրը, որին վիրահատում են: Բնակարանն ամբողջությամբ ավերվել է: