Հայաստանի 23 հազար քաղաքացի 2017թ. ՌԴ-ում ժամանակավոր կացության իրավունք է ստացել
Հայաստանը հինգ երկրներից մեկն է, որի քաղաքացիներն առավել հաճախ են Ռուսաստանում ժամանակավոր կացության իրավունք ստացել: Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ տվյալները:
Անցած տարի Հայաստանի 22.860 քաղաքացի ստացել է Ռուսաստանում ժամանակավոր կացության իրավունք: Այդ թույլտվությունը ստացած քաղաքացիների թվով առաջատար է դարձել Ուկրաինան, դրան հետևում են Ղազախստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Հայաստանը:
Ժամանակավոր կացության իրավունքը թույլ է տալիս օտարերկրյա քաղաքացուն աշխատել առանց աշխատանքային առանձին թույլտվության, ինչպես նաև ստանալ անվճար բուժօգնություն և այցելել պոլիկլինիկաներ: Բացի այդ, ժամանակավոր կացության թույլտվությունը ՌԴ քաղաքացիություն ստանալու փուլերից մեկն է:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը հրապարակել է 2017 թվականի ընթացքում ՌԴ քաղաքացիություն ստացած օտարերկրացիների թիվն ու այն երկրների ցանկը, որից ժամանել են տվյալ անձինք: Ըստ այդ ցուցակի՝ 2017թ.-ին ՌԴ քաղաքացիություն է շնորհվել Հայաստանի 25.144 բնակչի:
Նշենք, որ 2016թ.-ին ռուսական անձնագիր ստացած հայերի թիվը եղել է 22.264: