ԱՄՆ-ում բախվել են բեռնատար և ուղևորատար գնացքները. կան զոհեր և 70-ից ավելի վիրավոր
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում բախվել են Amtrak ընկերությանը պատկանող մարդատար գնացքն ու բեռնատար գնացքը: Վթարի հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել, 70-ից ավելին՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն;
Ամերիկյան ընկերության գնացքը, որում գտնվում էին 139 ուղևոր և անձնակազմի 8 անդամ, Մայամիից ուղևորվում էր Նյու Յորք, երբ բախվեց բեռնափոխադրող գնացքին: Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 2:35-ին:
Երկաթուղային կայարանի հաղորդագրության մեջ ասվում է, որ գլխավոր շարժիչը խափանվել է, մի քանի ուղևորատար վագոններ պոկվել են:
Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ շուրջ 5000 գալոն վառելիք է արտահոսել բախման հետևանքով:
Նշվում է, որ բոլոր վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ, իսկ մյուս ուղևորներին ժամանակավոր կացարան են տեղափոխել: