Ինձ համար կարևոր է մարդու անկեղծությունն ու լավ մարդ լինելը. Սուրեն Առուստամյան
Operativ.am-ը շարունակում է իր հարցազրույցների շարքը` սիրված և տաղանդավոր մարդկաց հետ: Այս անգամ մեր հարցերին պատասխանում է տաղանդավոր երաժիշտ և կիթառահար Սուրեն Առուստամյանը, ով 2009 թ. մասնակցել է «Հայ Սուպերսթար» մրցույթին, իսկ 2010 թ. այդ նույն նախագծի շրջանակներում նվագել և երգել է երաժիշտ Յան Գիլանի և «Դիփ Փարփլ» ռոք խմբի հետ: 2012թ Սուրեն Առուստամյանը Հայաստանը ներկայացրել է «Նոր Ալիք» երգի միջազգային մրցույթին: Եվ այսպես.
-Ինչպիսի՞ն է եղել Սուրեն Առուստամյանը մանկության տարիներին:
-Եղել եմ հանգիստ երեխա և աչքի չեմ ընկել չարաճճիությամբ: Շատ խելոք չեմ եղել: Կարելի է ասել ոսկե միջինը: Դպրոցի բակում շատ կռիվներ եմ արել, մանր չարաճճիություններ, որոնք սակայն գլոբալ հետևանքների չեն բերել: Ո’չ շատ չար եմ եղել, ո’չ էլ շատ խելոք:
-Ե՞րբ հասկացաք, որ Ձեր կյանքը պետք է կապեք երաժշտության հետ:
-Երբ 14 տարեկան էի որոշեցի, որ պետք է զբաղվեմ երաժշտությամբ և որոշեցի զբաղվել հենց կիթառով: Փոքր ժամանակ շատ եմ լսել այն երաժշտությունը, որը հիմա նվագում եմ: Եվ այդ ամենը հիմք հանդիսացավ, որ զբաղվեմ երաժշտությամբ:
-Երազանք, որը Սուրեն Առուստամյանի համար դարձել էր նպատակ, իսկ այժմ` իրականություն:
-Երազանք ունեմ ու դեռ շարունակում եմ երազել: Կան երազանքներ, որ իրականություն են դարձել:
-Եղե՞լ է արդյոք կյանքում մի պահ, որ զղջացել եք ինչ-որ արածի կամ չարածի համար:
-Ճիշտն ասած եղել, է սակայն ասում են, որ արածների համար չեն զղջում: Ես կարծում եմ, որ ճիշտ է, երբ արածների համար չեն զղջում:
-Երբևէ մտածե՞լ եք քաղաքականություն մտնելու մասին: Եթե այո, ապա ի՞նչ պաշտոն կուզեիք զբաղեցնել:
-Չեմ մտածել և չեմ էլ ուզում: Չեմ մտածում այդ ուղղությամբ:
-Ինչը՞ կարող է Սուրեն Առուստամյանին հունից հանել:
-Լինում են դեպքեր, սակայն շուտ ետ եմ գալիս: Նայած իրավիճակից: Կարող է շուտ բռնկվեմ, բայց շուտ ետ գամ:
-Մարդկային արժեք, որն ամենից վեհն եք համարում, և ամենաստորը:
-Մարդկային արժեքներից ինձ համար կարևոր է մարդու անկեղծությունն ու լավ մարդ լինելը: Իսկ ստոր բնավորության գծեր միշտ կան, սակայն դրանք մեզ պետք չեն:
-Կպատմե՞ք մի փոքր ապագա պլանների և անելիքների մասին:
- Հիմա աշխատում եմ նոր ծրագրի վրա, այսինքն կլինեն նոր երգեր: Այժմ ընթանում են փորձերը, պատրաստվում երգերը, որոնք կձայնագրվեն և կներկայացվեն ունկնդիրներին:
-Ո՞րն է Սուրեն Առուստամյանի համար կնոջ իդիալական կերպարը:
-Նա' ում ես կսիրեմ:
-Ինչպե՞ս եք ձեզ տեսնում 20 տարի անց:
-Ճիշտ ասած չգիտեմ: Դեռ չեմ հանգել այդ պատասխանին: Կյանքը ցույց կտա: Չեմ նայի, որ կյանքը հետաքրքիր անցնի:
Զրուցեց` Գայանե Մելիքյանը