Համագործակցության հուշագիր կստորագրվի. ՀՀ մշակույթի նախարարը երկօրյա այցով մեկնում է Արցախ
Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը փետրվարի 3-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Արցախ։
Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության հետ հուշագիր կստորագրվի՝ պատմամշակութային ժառանգության պահպանության բնագավառում համագործակցության մասին։
Փաստաթուղթը նախատեսում է ոլորտային փոխգործակցություն, համագործակցություն պատմամշակութային անշարժ հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, վերականգնման, օգտագործման, հնագիտական հրատապ պեղումների, հուշարձանների կադաստրի վարման ոլորտներում և այլն։
Ծրագրերի իրականացման նպատակով կստեղծվեն համատեղ աշխատանքային խմբեր։
Արցախի իր պաշտոնակից Սերգեյ Շահվերդյանի հետ Արմեն Ամիրյանը քննարկելու է նաև կոնկրետ հնարավորությունները՝ «Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի մի շարք միջոցառումներ նաև դեպի Արցախ ընդլայնելու համար (միջոցառումները Հայաստանում մեկնարկելու են 2018թ. գարնանը՝ շարունակվելով մինչև նոյեմբեր)։