ՌԴ ԿԸՀ-ն նկատողություն է արել Պեսկովին ագիտացիայի համար
ՌԴ Կենտրոնական ընտրական կոմիտեի ղեկավար Էլլա Պամֆիլովան կոմիտեի անունից նկատողություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին ագիտացիոն բնույթի արտահայտությունների համար: Այս մասին գրում է «РИА Новости»
«Հունվարի 29-ին հրապարակվել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի արտահայտությունը՝ նախագահի թեկնածուներից մեկի գնահատական: Այնտես ակնհայտ էին ագիտացիայի նշանները»‚- ասել է Պամֆիլովան նիստի ընթացքում:
Թե Կրեմլի ներկայացուցչի կոնկրետ որ ելույթի մասին է խոսքը‚ նա չի պարզաբանել: Սակայն հունվարի 29-ին Պեսկովը‚ գնահատելով Ալեքսեյ Նավալնիի կողմից կազմակերպված ակցիան‚ Պուտինին անվանել է «հասարակական կարծիքի բացարձակ առաջնորդ‚ քաղաքական Օլիմպի առաջնորդ»: Նրա խոսքով՝ այսօր դժվար թե որևէ մեկը կարողանա մրցակցել Պուտինի հետ: