Մենք դեռ շատ անելիքներ ունենք համաշխարհային կինոքարտեզի վրա մեր դիրքն ամրապնդելու համար. Սերժ Սարգսյան
Ջերմորեն ողջունում եմ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին: Երևանում անցկացվող արդեն տասներորդ՝ հոբելյանական փառատոնի առթիվ սրտանց շնորհավորում եմ նախաձեռնողներին և իրականացնողներին:
Մենք դեռ շատ անելիքներ ունենք համաշխարհային կինոքարտեզի վրա մեր դիրքն ամրապնդելու համար, ուստի առանձնահատուկ կարևորություն ունի «Ոսկե ծիրանի»' տարածաշրջանում առաջնային կինոփառատոն լինելու փաստը: Անցած տասը տարիների ընթացքում համաշխարհային կինոյի բազմաթիվ նշանավոր գործիչներ իրենց համար նորովի բացահայտեցին Հայաստանը՝ դառնալով մեր երկրի հարազատ ու նվիրյալ բարեկամները: Անուրանալի է, որ այսպիսի փառատոնը մեծ պատիվ է ցանկացած երկրի համար և հիանալի առիթ' մշակութային նոր կապեր հաստատելու ուղղությամբ: Դա է վկայում փառատոնի մասնակիցների ընդարձակ աշխարհագրությունը, ինչպես նաև միջազգային լայն լսարան ունեցող մի շարք լրատվամիջոցների հետաքրքրությունը «Ոսկե ծիրանի» և մեր երկրի հանդեպ:
Շատ կարևոր է փառատոնի' ազգային կինոյի զարգացմանը նպաստելու առաքելությունը և «Ոսկե ծիրան» միջազգային կինոդպրոցի հիմնադրումը: Այսօր արդեն փառատոնի աջակցությամբ նկարահանված ֆիլմերը Հայաստանն են ներկայացնում միջազգային բազում կինոհարթակներում: «Ոսկե ծիրանի» տասնամյա հագեցած պատմությունը գնահատելի և խրախուսելի իրողություն է, որը հարստացնում է Հայաստանի մշակութային կյանքը:
Հարգելի՛ բարեկամներ,
Կրկին ողջունում եմ տասներորդ' հոբելյանական կինոփառատոնի մասնակիցներին և հյուրերին: Հորդորում եմ ձեզ հավատարիմ լինել «Քաղաքակրթությունների և մշակույթների խաչմերուկ» նշանաբանին և պահապանել ու խորացնել փառատոնի կարևոր ձեռքբերումներն ու բարձր հեղինակությունը: Կազմակերպիչներին մաղթում եմ ուժ և եռանդ, որպեսզի նույն կորովով շարունակեն տասը տարի առաջ սկսած իրենց ազնիվ գործը: