Մարադոնային վիզա չեն տրամադրել Թրամփին «տիկնիկ» անվանելու համար
ԱՄՆ-ի իշխանությունները մերժել են լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային վիզա տրամադրելու հարցում նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին արած արտահայտությունների պատճառով: Այս մասին գրում է «Russia Today»-ը:
«AS»-ի տեղեկություններով‚ որը վկայակոչում է Մարադոնայի իրավաբան Մատիաս Մորլային‚ Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ցանկացել է ժամանել նախկին կնոջ դատական նիստին‚ որը տեղի կունենա Մայամիում մարտ ամսին:
«Երբ մենք մոտ էինք վիզա ստանալուն‚ ես նախազգուշացնում էի Դիեգոյին‚ «Խնդրում եմ‚ ոչինչ մի ասա ԱՄՆ-ի մասին»: «TeleSur»-ին տված հարցազրույցում‚ նրան հարցրել են‚ թե ինչ է մտածում Դոնալդ Թրամփի մասին. «Դա չիրոլիտա է»‚- ասել է Դիեգոն»‚- պատմել է Մորլան:
«Չիրոլիտա» Արգենտինայում անվանում են տիկնիկին: Այս բառով բնորոշում են ինչ-որ աննշան մի բան կամ աննշան մեկին: