Միշել Օբաման պատմել է Մելանյա Թրամփից ստացած «առեղծվածային» նվերի մասին (լուսանկարներ, տեսանյութ)
Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման, հեռուստատեսային շոուներից մեկի ժամանակ բացահայտել է՝ ինչ է եղել փիրուզագույն տուփի մեջ, որը իրեն էր հանձնել Մելանյա Թրամփը՝ Դոնալդ Թրամփի երդմնակալության հանդիսավոր արարողությունից առաջ: Այս մասին գրում է korrespondent.net-ը:
2017թ. հունվարի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը Միշել Օբամային նվիրել է մի տուփ, որի պարունակության մասին տևական ժամանակ տարատեսակ ենթադրություններ էին անում բազմաթիվ լրատվամիջոցներ:
Տիկին Օբամայի խոսքով՝ Tiffany բրենդի տուփում եղել է «հրաշալի նկարի շրջանակ»:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ այդ պահին Մելանյա Թրամփի ձեռքից նվեր ստանալն իրեն շփոթության մեջ է գցել, քանի որ երդմնակալության կանոնակարգը նման բան չի ենթադրում:
«Նախքան այդ, երբևէ նվեր չէր մատուցվել, ու ես մտածեցի՝ «դե լավ…բայց ինչ պետք է հիմա անեմ»»,-վերհիշել է ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ առաջին տիկինը:
Նրա խոսքով՝ իրավիճակը «փրկել» է ամուսինը՝ Բարաք Օբաման, որը վերցրել է տուփն ու ներս տարել: