Թուրքիայի զինուժը PKK-ի հետ մարտեր է մղում ՀՀ-ին սահմանակից տարածքներում․ կա զոր և վիրավոր
Թուրքիայի արեւելյան՝ Հայաստանին սահմանակից, Աղրը նահանգի Դողուբայազիթ գավառում հունվարի 31-ին թուրք ուժայինների եւ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումներում սպանվել է 1 զինծառայող, եւս 1-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
Վիրավորված պրոֆեսիոնալ սերժանտը տեղափոխվել է հիվանդանոց: Թուրք ուժայինները քուրդ զինյալների դեմ գործողություններ են սկսել գավառում, գրում է Ռազմինֆոն:
Ներկայում՝ հունվարի 20-ից սկսած, Թուրքիայի զինուժը ռազմական գործողություններ է իրականացնում նաեւ Սիրիայի Աֆրին շրջանում քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորման եւ դրա ռազմական թեւ YPG-ի դեմ: Թուրքիայի իշխանությունները Սիրիայի քրդական ուժերին համարում են PKK-ի «սիրիական թեւ եւ ահաբեկչական կառույցներ»:
Ըստ թուրքական պետական «Անադոլու» գործակալության, հունվարի 30-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում մինչեւ այժմ սպանվել է Թուրքիայի ԶՈւ 5 զինծառայող եւ Անկարային աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման 24 զինյալ: Այսինքն՝ Աֆրինում քրդական ուժերի դեմ գործողությունների ընթացքում թուրքական կողմը տվել է 29 կորուստ:
Թուրքիայի տարածքում թուրք ուժայինների եւ PKK-ի բախումները վերսկսել են 2015-ի ամռանից: Դրանց ներգրավված է թուրքական բանակը, ժանդարմերիան, ոստիկանության ուժերը: Բացի այդ, Թուրքիայի օդուժը եւս հարվածներ է հասցնում զինյալների դիրքերին: