ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակի առթիվ Վիեննայում ընդունելություն է կազմակերպվել
Հունվարի 30-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը Վիեննայի «Հայաստան» կենտրոնում կազմակերպել էր ընդունելություն՝ նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին:
Ընդունելությանը մասնակցեցին ԵԱՀԿ-ում հավատարմագրված դիվանագիտական և ռազմական առաքելությունների ղեկավարներ, ռազմական խորհրդականներ, Ավստրիայի Զինված ուժերի և բանակի հրամանատարության բարձրաստիճան զինվորականներ, ավստրիահայ համայնքի հոգևոր առաջնորդներ և կազմակերպությունների ղեկավարներ:
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանն իր ողջույնի խոսքում անդրադարձավ Հայոց պետականության կայացման ու ամրապնդման գործում Հայոց բանակի անփոխարինելի առաքելությանը՝ ընգծելով, որ գրեթե երեք տասնամյակ շարունակ հայ զինվորը և հայ սպան հանդիսանում են տարածաշրջանային կայունության ու խաղաղության պահպանման գլխավոր երաշխավորը:
Դեսպանը հավելեց, որ առանց Հայոց բանակի մարտական պատրաստվածության բարձրացման, նրա հետագա զարգացմանն ուղղված մշտական բարեփոխումների իրագործման ՀՀ իշխանությունների հետևողական ջանքերի, հնարավոր չէ տարածաշրջանում կայուն ու հարատև խաղաղություն ու առաջընթաց ապահովել: