Էրդողանը Թուրքիայում ահ ու սարսափ է տարածում. Գերմանացի փաստաբան
Գերմանիայի փաստաբանների միության նախագահ Ուլրիխ Շելլենբերգը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը երկրում ահ ու սարսափ է տարածում, և այդ սարսափը վերջ է դրել Թուրքիայում իրավական պետության բոլոր ազատություններին։ Այս մասին գրում է Ermenihaber-ը:
«Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ Շելլենբերգը ընդգծել է, որ Անկարան չի համապատասխանում իրավական պետության չափանիշներին։
«Երբ վախը տարածվում է մարդկանց մեջ, երբ մարդիկ սկսում են ավելի զգուշավոր լինել իրենց խոսքերում ու գործողություններում, իրավական համակարգն էլ դադարում է ազատ լինելուց։ Թուրքիայում հենց այդ իրավիճակն է ստեղծվել։ Էրդողանին հաջողվել է ամենուր վախ սփռել», -ասել է նա։
Գերմանացի փաստաբանն ընդգծել է, որ իրենց միությունը մշտապես կապի մեջ է Թուրքիայի իրենց գործընկերների հետ, և ինքը շատ տպավորված է անարդարությունների առաջ չհանձնվող Թուրքիայի քաղաքացիների պայքարից։
«Թուրքիայի մի շարք ոլորտներում կամայականություններ են տիրում։ Անվտանգության կառույցներն են որոշում, թե ով, երբ ու ինչ հիմնավորմամբ պիտի բանտարկվի։ Այդ կամայականություններն ուղղված են նաև փաստաբանների դեմ։ Թուրքիայում հիմա ամենատարածված մեղադրանքը ահաբեկչության աջակցությունն է, ընդ որում դրա համար բավական է համարվում ամենաչնչին կասկածն անգամ։ Օրինակ, եթե մեկը զանգել է ByLock հավելվածը օգտագործող որևէ մեկին, դա բավական է, որ նա էլ պաշտոնյաների աչքում կասկածյալների շարքում հայտնվի։
Փաստաբանները պետք է հնարավություն ունենան պաշտպանելու անգամ ամենածանր հանցանքի մեջ մեղադրվողներին, ինչպես որ լրագրողները պետք է կարողանան հարցազրույց վերցնել ցանկացած մեկից։ Բայց տեսնում ենք, որ «Die Welt» թերթի թղթակից Դենիզ Յուջելը գրեթե մեկ տարի բանտարկված է և որպես գերի է պահվում Թուրքիայի իշխանությունների կողմից»,- նշել է Շելլենբերգը։
Նա հավելել է, որ ներկա դրությամբ Թուրքիայի դատաիրավական համակարգն իր ֆունկցիաները հարկ եղածի պես չի կատարում, հետևաբար տարբեր դատական խնդիրներով Թուրքիայից կարելի է ուղղակի դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։