Փարիզում Գարո Փայլանին Grand Vermeil պատվո մեդալ են հանձնել (տեսանյութ, լուսանկար)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը Փարիզում հանդիպել են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների Համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին:
Միջոցառման ընթացքում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Գարո Փայլանին հանձնել է Grand Vermeil պատվո մեդալը:
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորին ծափահարել է ընթրիքին մասնակցող 500 մարդ:
«Ձեր կյանքը մշտական վտանգի մեջ է: Շնորհակալկություն այն բանի համար, ինչը դուք անում եք: Դուք ժողովրդավարության հերոս եք, հերոս, որը մարդու իրավունքներն է պաշտպանում: Ամեն անգամ, երբ մեր կարիքն ունենաք, հայերը ձեր կողքին կլինեն, Փարիզը ձեր կողքին կլինի»,- հայտարարել է Անն Իդալգոն:
Հանդիպմանը մասնակցել են նաև հրեական համայնքի ներկայացուցիչներ, ֆրանսիացի փաստաբան և պատմաբան, նացիստական հանցագործությունները մերկացնելու և պատժելու մարտիկ Սերժ Քլարսֆելդը կնոջ՝ Բեաթայի հետ, որը ստացել է հայ համայնքի «Խիզախության համար CCAF» մեդալը:
«Մենք մշտապես հայ ժողովրդի կողքին ենք եղել,- հայտարարել է Սերժը: - Եվ մենք պայքարում ենք այն բանի համար, որպեսզի Իսրայելը նույնպես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մենք նաև հույս ունենք, որ Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը կընդունվի նաև Ֆրանսիայում՝ ճիշտ այնպես, ինչպես ընդունվել է հրեա համայնքին պաշտպանող օրենքը»:
Grand Vermeil պատվո մեդալի հավակնորդներին որոշում են քաղաքային և շրջանային խորհրդի պատգամավորները: Grand Vermeil-ն հիմնադրվել է 1948 թվականին: Այն շնորհվում է սեփական մասնագիտությամբ երակարատև, ազնիվ և պտղաբեր աշխատանքի համար: