Իրաքի և Սիրիայի տարածքում սպանվել է շուրջ 300 ադրբեջանցի
Իրաքի և Սիրիայի տարածքում սպանվել է ավելի քան 300 ադրբեջանցի գրոհային, որոնք անդամակցել են տեղի իսլամիստական ծայրահեղական խմբավորումներին։
Ադրբեջանի կրոնական կառույցների հետ աշխատանքի պետկոմիտեի նախագահի տեղակալ Սիյավուշ Հեյդարովը, հայտնել է‚ որ Մերձավոր Արևելքում այդ խմբավորումների շարքերում մարտերի մասնակցած 92 մարդ պատասխանատվության է ենթարկվել Ադրբեջանի տարածքում, ևս 260 անձ հայտնաբերվել ու զրկվել է քաղաքացիությունից: գրում է РИА Новости-ն:
Բացի այդ՝ Հեյդարովը հայտնել է, որ իրենք տիրապետում են Սիրիայում և Իրաքում ավելի քան 300 ադրբեջանցի կանանց ու երեխաների գտնվելու մասին տեղեկատվության։ Նշվում է, որ այս կանայք ու անչափահասները նույնպես ենթարկվել են ծայրահեղական խմբավորումների քարոզչության ազդեցությանը:
«Մեկ երեխա արդեն վերադարձվել է հայրենիք, նա այժմ վերականգնողական շրջան է անցնում: Կան ևս 19 երեխաներ, որոնց մոտ ապագայում կբերեն Ադրբեջան: Նրանք նույնպես կընդգրկվեն վերականգնողական գործընթացում՝ հոգեբանի, աստվածաբանի և այլ մասնագետների մասնակցությամբ»,- ընդգծել է Հեյդարովը: