37 տարեկան հասակում մահացել է ռեժիսոր Մարիա Սահակյանը
Ռուսաստանում 37 տարեկան հասակում քաղցկեղից մահացել է հայազգի ռեժիսոր, սցենարիստ Մարիա Սահակյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կինոքննադատ Անդրեյ Պլախովը:
«Մարիան՝ հինգ երեխայի մայր է, նրանք այժմ ԱՄՆ-ում են, նրա ամուսինը հայկական ծագմամբ ամերիկացի է: Նրան սպանել է քաղցկեղը: Անհնար է հավատալ 37-ամյա երիտասարդ կնոջ մահվանը», - գրել է Պլախովը:
Մարիա Սահակյանը ծնվել է Երևանում 1980 թվականին: Համառուսաստանյան պետական կինեմատոգրաֆիայի ինստիտուտի (ՎԳԻԿ) կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրայի ֆակուլտետն ավարտելու հետո նկարահանել է «Հրաժեշտ», «Փարոս», «Էնտրոպիա», «Սխտորը, սոխն ու պղպեղը» ֆիլմերը:
Կարճամետրաժ «Հրաժեշտ» ֆիլմը՝ նրա դիպլոմային աշխատանքը, հաղթել է «Ոսկե ծիրանի» լավագույն ուսանողական, դեբյուտային ֆիլմ անվանակարգում, ստացել է նաև «Կոդակ» ֆիրմայի մրցանակ ՎԳԻԿ-ի փառատոնում: