Գյումրիում բացվեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության հյուպատոսությունը (լուսանկարներ)
Գյումրիում բացված Գերմանիայի Դաշնային Հանրապետության հյուպատոսության պատվո նորանշանակ հյուպատոսը գյումրեցի է՝ Ալեքսան Տեր-Մինասյանը, որը տարիներ շարունակ հանդիսանում է « Բեռլին» հյուրերի տան տնօրենն ու, ըստ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերի, երկար տարիներ դեսպանության վստահելի գործընկերն է:
«Հայաստանի հանրապետությունում մեր դիվանագիտական գործունեության ընթացքում միշտ զգացել ենք, որ այստեղ, Հայաստանի հյուսիսում հյուպատոսություն ունենալու կարիք է զգացվում: Այսօր այդ բացը լրացրել ենք, և հյուպատոսի հարցում էլ, վստահ ենք, որ չենք սխալվել»,- հայտարարեց Մաթիաս Քիսլերը: Ըստ դեսպանի, ընտրության հարցում երկար չեն երկմտել: Մինչ այս պաշտոնի ստանձնումը տարիներ շարունակ Ալեքսան Տեր-Մինասյանը համագործակցության տարբեր կապեր է հաստատել և հաջողակ ծրագրեր իրականացրել Գերմանիայի հետ: Ընդգծվեց հատկապես մշակութային ուղղվածությունը և այդ հարցերում հյուպատոսի բանիմացությունը:
Երկու երկրների հիմնը լսելուց հետո դեսպան Քիսլերը հնչեցրեց ԳԴՀ արտաքին գործերի նախարարության՝ պատվո հյուպատոսի նշանակման հրամանը, որին հետևեց նորանշանակ գյումրեցի հյուպատոսի երդման խոսքը: Այնուհետ՝ շնորհավորանքներ: «Սրտանց շնորհավորում եմ այս բարձր պաշտոնը ստանձնելու առիթով: Այս աշխատանքը որքան ծանր, նույնքան պատասխանատու ու պատվաբեր է, քանի որ նպատակ կա ամրապնդելու և որակական նոր մակարդակի հասցնելու Հայաստանի ու Գերմանիայի միջև եղած կապերը: Լիահույս եմ, որ Ալեքսան Տեր-Մինասյանի ջանքերը կուղղվեն հարաբերությունների ամրապնդմանը, հատկապես հայ և գերմանացի գործարարների միջև նոր համագործակցության հաստատմանը»,- նշեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:
Շիրակի մարզպետը նաև ներկաներին վստահեցրեց, որ մարզպետարանը կաջակցի այն բոլոր նախաձեռնություններին ու ծրագրերին, որոնց իրականացումը կնպաստի Հայաստանի, մասնավորապես, Շիրակի մարզի զարգացմանը:
Ի դեպ, պատվո հյուպատոսի պաշտոնը կընդգրկի Շիրակի և Լոռու մարզերը: Գործառույթների շրջանակը՝ տնտեսական կապերի հաստատում, զարգացում, մշակութային ծրագրերի մշակում, իրականացում, անհրաժեշտության դեպքում նաև խորհրդատվական ծառայություններ: Հյուպատոսարանը կգործի հենց «Բեռլին» հյուրատանը: