Խարկովի հայ համայնքը ստիպել է ոստիկանություն ներկայանալ օրեր առաջ քաղաքում վրաերթի մեղավոր դարձած հայ երիտասարդին (լուսանկար)
Ուկրաինական Խարկովի հայ համայնքն օրեր առաջ ավտոպատահարի մեղավոր դարձած հայ երիտասարդին ստիպել է ներկայանալ ոստիկանություն, այս մասին հայտնել է Ուկրաինայի ազգային ոստիկանության Խարկովի մարզային գլխավոր վարչության պետ Օլեգ Բեխը: Այս մասին հաղորդում է Newsroom.kh.ua-ն:
«Ցանկանում ենք հատուկ շնորհակալություն հայտնել ամբողջ համայնքին, որն օգնեց և պնդեց, որպեսզի տվյալ քաղաքացին ներկայանա նախաքննական մարմիններին և տրամադրի անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը», - ասել է Բեխը:
Նշվում է, որ ավտոպատահարի մեղավորը՝ 18 տարեկան Տիգրան Ենգիբարյանը, լքել էր դեպքի վայրը վթարից անմիջապես հետո: Ոստիկանություն ներկայանալուց հետո գործն ուղարկվել է դատարան, ինչից հետո որոշում է կայացվել Ենգիբարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել 60 օր տևողությամբ կալանքը:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 16-ին, Տիգրան Ենգիբարյանի կողմից վրաերթի ենթարկված 17-ամյա հետիոտնը մահացել է տեղում: