ՌԴ-ում հայի սպանության համար դատապարտված ադրբեջանցին նոր պատժաժամկետ կստանա
Սանկտ Պետերբուրգում հզոր ռեստորանատեր Իլհամ Ալիևի մերձավորներից մեկին վեցամյա վաղեմության սպանության պատվերի մեղադրանք է առաջադրվել: Գալիբ Ասադովը Կրեստիից դուրս չգալով՝ նոր դրվագով է մեղադրվելու:
«Ֆոնտանկային» հայտնի է դարձել, որ Ասադովը մեղադրվում է այն բանի համար, որ 2012 թվականին ծանոթին հանձնարարել է վերացնել Պետերբուրգում բնակվող արտասահմանյան քաղաքացու: Նախնական տեղեկություններով՝ նա փոխանցել է զոհի լուսանկարը և բնակության հասցեն: Հուլիսի 29-ի գիշերը տուժողին սպասել են Հյուսիսային պողոտայում և մահակով գլխին հարվածներ հասցրել: 36-ամյա տղամարդը մահացել է:
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՔՕ 111-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «Առողջությանը դիավորությամբ ծանր վնասվածք հասցնելը,որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ»: Այն երկար ժամանակ չբացահայտված էր համարվում: «Ֆոնտանկայի» տեղեկություններով՝ 2018-ի հունվարի 24-ին գործը վերաորակվել է 105-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Պատվերով սպանություն»: Քննության վարկածով Ասադովը 200 հազար ռուբլի է վճարել, կատարողը, ենթադրաբար, Ադրբեջանից բիզնեսմեն Չոբանովն է, որը Ռուսաստանի սահմաններից դուրս է գտնվում: Հնարավոր է, որ նրա նկատմամբ դաշնային հետախուզում հայտարարվի:
Գալիբ Ասադովին պատվերով սպանության մեղադրանքն առաջադրվել է Կրեստիի մեկուսարանում: Նա նախկինում ձերբակալվել էր մրցակիցների հետ Իլհամ Ալիևի ռեստորանային պատերազմի հետ կապված դրվագներով: Մասնավորապես՝ Ասադովն է համարվում 2012 թվականին Հայաստանից ձեռնարկատիրոջ սպանության կազմակերպողը: 2016-ի օգոստոսին հրապարակված դատավճռով Ասադովը 11 տարով դատապարտվել էր: