Խուփ՝ քաղաքի ենթագիտակցությունը
Հայտնի փաստ է, որ արվեստագետները լրիվ այլ կերպ են ընկալում մեզ շրջապատող իրողությունը: Դրանում մեկ անգամ ևս համոզվում ես, այցելելով «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացված կինոռեժիսոր և սցենարիստ Տիգրան Խզմալյանի լուսանկարչական ցուցադրությունը, որը կրում է «Խուփ. քաղաքի ենթագիտակցություն» անվանումը:
Ո՞ւմ մտքով կանցներ լուսանակարել և հանրությանը ներկայացնել Երևանի փողոցներին ու մայթերին տեղադրված դիտահորերի երկաթյա կափարիչները՝ խուփերը: Իսկ Տիգրան Խզմալյանը դա արել է: Նա ասում է. «Նրանք պատմության կլոր կնիքն են: Երևանի վերջին ութ տասնամյակների մասին կարելի է տեղեկանալ ոչ միայն գրքերից, փաստաթղթերից և լուսանկարներից, այլ նաև մետաղյա այս ծանր վկայություններից»:
Եվ ահա, տեսնելով նրանց մեջ պատմություն, ճակատագիր և անգամ յուրահատուկ գեղեցկություն՝ այդ ամենն իր ստեղծագործական պատկերացումով մեզ է ներկայացրել: «Խուփերը քաղաքի ենթագիտակցության դարպասն են, դեպի ստորգետնյա աշխարհ տանող կլոր մուտքը, անդրշիրիմյան կյանքի նեղ դռները, տիեզերական սև անցքերը, որոնք կիկլոպյան չթարթող աչքով հետևում է մեզ ներքևից»,- այսպիսի բացահայտում է անում Տիգրան Խզմալյանը:
Երևանի ամենահին խութը, պարզվում է, 1933 թվականից է՝ Աբովյան փողոցի վրա, իսկ ահա ամենանորերը՝ վերջերս Օպերայի շենքի մոտակայքում տեղադրված «Ալմաստ», «Անուշ», «Գայանե» և «Սպարտակ» ներկայացումների պատվին են:
Ռուբեն Շուխյան. Ֆեյսբուք