Հաշվի առնելով նրա տարիքը` բնական է. Մհեր Մկրտչյանը` Սամվել Թադևոսյանի «մեծամտության» մասին
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը հորդորում է ըմբռնումով մոտենալ դերասան Սամվել Թադևոսյանի խոսքերին: Օրերս դերասանը Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմում գլխավոր հերոս Տիգրանին մարմնավորելու համար պետական մրցանակի էր արժանացել: Պարգևատրման արարողությունից հետո նա հարցազրույց էր տվել: Պատասխանելով հարցերին՝ ասել էր, որ ֆիլմն իր համար արդեն անցյալում է, իսկ իր հաջողությունը, իր կարծքով, պայմանավորված է նրանով, որ ինքը գեղեցիկ է և իր նման դեմքերը պակասում են հեռուստատեսությանը: Այս խոսքերն առիթ էին դարձել, որ նրան որակեին որպես աստղային հիվանդությամբ տառապող, մեծամիտ անձնավորություն:
Մհեր Մկրտչյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ փորձելով հարթել ստեղծված իրավիճակը:
«Վերջին օրերին լրագրողները բազմաթիվ հարցեր են տալիս Սամվել Թադևոսյանի տված հարցազրույցի վերաբերյալ: Ուզում են պարզել՝ մեծամիտ է արդյոք Սամվելը, թե ոչ))))
Խուսափելով լրագրողների տարբեր և շատ ժամանակ աղավաղված մեկնաբանություններից գրում եմ պատասխանը իմ ֆեյսբուքյան էջին:
Պետք չէ կառչել դերասանի ամեն մի ասած բառից: Ամեն մարդ իրավունք ունի ունենալու իր տեսակետը, առավել ևս իր կյանքի վերաբերյալ: Սամվելը մեծ աշխատանք է կատարել ֆիլմի նկարահանման ժամանակ և հաշվի առնելով նրա տարիքը՝ բնական է, որ նա պետք է ապրի առջևում սպասող դերերով և հույսերով: Անխոս, նա տաղանդավոր տղա է, ու ցանկանում եմ նրան նոր ֆիլմերով ապացուցել իր դերասանական արժեքը և զարգանալ, զարգանալ ու զարգանալ»,- գրել է նա: