Դուստրս կիսով չափ հայ է. Ուլյանա Սերգեյենկոն` Նաոմի Քեմփբելի հետ ունեցած «ռասիստական» սկանդալի մասին
Հայտնի դիզայներ Ուլյանա Սերգեյենկոն ներողություն է խնդրել «My niggas in Paris» կատակով արված արտահայտության համար, որը սուպերմոդել Նաոմի Քեմփբելին ռասիստական է թվացել։
Միրոսլավա Դումային ուղարկած ծրարի վրա Ուլյանան գրել է. «To my niggas in Paris»։ Միրոսլավան հրավիրատոմսի լուսանկարը հրապարակել էր Instagram-ում։ Գրառումը քննադատությունների տեղիք էր տվել սոցցանցերում։ Գրառմանը արձագանքել էր Նաոմին. «Սա լո՞ւրջ է։ Ինչի՞ համար է պետք նման բաներ գրել և հրապարակել։ Բոլորդ դեռ պատրաստվո՞ւմ եք գնալ նրա շոուին», — գրել էր նա stories բաժնում։
Մոդելը նույնիսկ կոչ էր արել բոյկոտել Սերգեյենկոյի նորաձևության շոուն, որը անցնում է Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակում։
Սկանդալից հետո դիզայները շտապել է մեկնաբանել իր գրածը։
«Ես ծնվել եմ Ղազախստանի արևելքում գտնվող փոքրիկ քաղաքում, դուստրս կիսով չափ հայ է, և ես մարդկանց երբեք չեմ բաժանել սևերի ու սպիտակների։ Ռեփեր Քանյե Ուեսթն իմ սիրելի երգիչներից մեկն է, և նրա Niggas in Paris երգը` նույնպես», — գրել է դիզայները։
Ուլյանան նշել է, որ ինքն ու իր ընկերները երբեմն միմյանց N (nigga) տառով սկսվող բառով են անվանում։ Միևնույն ժամանակ նա ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ում վիրավորել է։