Բաքուն Արցախում հայկական դիրքերի վրա հարձակվել է Սիրիայում կործանված անօդաչուների նման անօդաչու սարքերով. Վլադիմիր Եվսեև
Ադրբեջանն Արցախում հայկական դիրքերի վրա հարձակման ժամանակ օգտագործել է ինքնաշեն անօդաչու սարքեր, որոնք շատ նման են եղել Սիրիայի «Հմեյմիմ» և «Տարտուս» ռուսական ռազմաբազաների վրա հարձակման համար ԻՊ-ի գրոհայինների օգտագործած անօդաչուներին: Նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Եվսեևը: Այս մասին հաղորդում է գրում է rusarminfo.ru-ն:
Ադրբեջանի զինուժը հունվարի 20-ին Արցախի հյուսիսում հայկական դիրքերի վրա նռնակ է նետել անօդաչու սարքից: Ավելի ուշ կրկին հարձակում է իրականացվել: Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ադրբեջանի զինուժն ականի փոխարեն նռնակ է օգտագործել՝ ամրացված սովորական ապակե բաժակի մեջ: Հարձակումների հետևանքով զոհեր և վիրավորներ հայկական կողմից չեն եղել:
«Այդ անօդաչու սարքերը պատրաստվել են թուրքական հատուկ ծառայությունների պատվերով: Կարծում եմ, որ թուրքական հատուկ ծառայությունները ներգրավված են եղել Սիրիայում ռուսական բազաների ուղղությամբ հարվածներին և այնուհետև փոխանցել են հարվածների իրականացման կոնստրուկցիան և տեխնիկան Ադրբեջանին: Դա ցույց է տալիս՝ ով է իրականում կանգնած եղել ռուսական բազաների ուղղությամբ հարվածների հետևում»,- ասել է Վլադիմիր Եվսեևը rusarminfo-ում զրույցի ժա մանակ:
«Արցախում նման անօդաչու սարքերի արդյունավետությունը շատ ցածր է, քանի որ հնարավորություն չկա հարվածներ հասցնելու կոնկրետ թիրախների ուղղությամբ»,- ասել է Եվսեևը:
Եվսեևը նաև նշել է, որ նման անօդաչու սարքեր խոցելու ամենաարդյունավետ միջոցը ռուսական «Պանցիր» համակարգն է: Փորձագետի կարծիքով, Երևանը պետք է Մոսկվայի առաջ հարց դնի Հայաստան այդ համակարգերի մատակարարումների մասին: