Արքայազն Հարրին հարսանիքին չի հրավիրի Օբամային՝ Թրամփի հետ լարվածություն չառաջացնելու համար
Այս տարվա մայիսի 19-ին տեղի է ունենալու տարվա ամենագեղեցիկ ու դիտարժան պսակադրություններից մեկը, որի ժամանակ ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլը կդառնա Մեծ Բրիտանիայի ամենացանկալի փեսացուներից մեկի՝ արքայազն Հարրիի օրինական կինն ու թագավորական ընտանիքի լիիրավ անդամը: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հարրին և Մեգանը չեն պատրաստվում կարևոր իրադարձությանը հրավիրել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին:
Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ 71-ամյա հանրապետականի հետ հարաբերություններում լարվածություն չառաջացնելու ու դիվանագիտական վեճի առիթ չտալու համար, արքայազն Հարին որոշել է հյուրերի ցանկից բացառել նաև ընկերոջը՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային:
«Նախագահ Թրամփը չի հրավիրվել, քանի որ պսակադրությունը միայն ընտանիքի ու ընկերների համար է: Այն պետական միջոցառում չէ: Իսկ եթե Օբաման հրավիրված լիներ, դա կվիրավորեր Թրամփին. արքայազնը չէր ցանկանա դիվանագիտական վեճի պատճառ դառնալ»,-պատմել է աղբյուրը: