Հոգեկան հիվանդ տղամարդը հիվանդանոցում որպես հոգեբույժ է աշխատել (լուսանկար)
Սուր փսիխոզ և պարանոիդալ շիզոֆրենիա ախտորոշմամբ 38-ամյա Հենրի Տ–ն տասնհինգ ամիս որպես հոգեբույժ է աշխատել Հանովերի հոգեբուժական հիվանդանոցում։ Կլինիկայում աշխատանքը նա ստացել է կեղծված փաստաթղթերի օգնությամբ։ Այս մասին հաղորդում է glavnoe.ua-ն:
Պարզվում է, Հենրին, դեռևս 2006 թվականին կեղծել է բուժակի դիպլոմը և որպես բուժեղբայր հինգ տարի աշխատել է կլինիկայում։ Երբ ճշմարտությունը ջրի երես է դուրս եկել, նրան ազատել են աշխատանքից։ Դատական գործընթացը վեց տարի ձգվել է, քանի որ տղամարդու մոտ հոգեկան շեղումներ են նկատել և նրան ուղարկել են բուժման։ Բայց Հենրին կլինիկա է եկել ոչ թե որպես հիվանդ, այլ որպես բժիշկ։
2016 թվականին տղամարդը Հանովերի հիվանդանոցում աշխատանքի է ընդունվել որպես բժշկի օգնական՝ 4300 եվրո աշխատավարձով՝ կեղծ դիպլոմի օգնությամբ։ Այն որ Հենրին առողջ չէ, ոչ ոք չի նկատել, մինչև որ 2017-ի հունիսին աշխատակիցների տարեկան բուժզննում է իրականացվել։
Կլինիկայի գլխավոր բժիշկը հայտարարել է, որ աշխատանքի տասնհինգ ամիսների ընթացքում Հենրին ինքնուրույն բուժում չի իրականացրել, այլ միայն կատարել է բժիշկների նշանակումները։ «Մենք չէինք կարող իմանալ, որ նրա փաստաթղթերը կեղծ են։ Նա մեզ ուկրաինական համալսարաններից մեկի դիպլոմ է ներկայացրել։ Այն հաստատված է գերմանական նոտարի կողմից։ Դրան կից գերմանական հաստատությունների տարբեր սերտիֆիկատներ է ներկայացրել»–պատմել է կլինիկայի գլխավոր բժիշկը։
Ներկայումս, դեպքի կապակցությամբ, Հանովերի դատախազությունը քրեական գործ է հարուցել։