Ավելացող խառն ամուսնություններ, մայրենի լեզվի պահպանություն, փակվող հայկական դպրոցներ. Հրանուշ Հակոբյանը` սփյուռքի խնդիրների մասին
ՀՀ-Սփյուռք գործակցության զարգացումները թեմայով ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրվել, որն իր ձևաչափով առաջին անգամ էր:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը խոսելով սփյուռքի խնդիրների մասին` նշեց.
«Համայնքի անդամների 70-80 տոկոսը հեռացած է համայնքից, չի մասնակցում համայնքի աշխատանքներին, համակարգող մարմիները բացակայում են: Խնդիրներից են խառն ամուսնությունները, որոնց թիվն ավելանում է, մայրենի լեզվի պահպանությունը, հայկական դպրոցներ են փակվում: Դրանց է միանում Հայոց ցեղասպանության խնդրի չկարգավորումը, ԼՂՀ հիմնախնդիրը, ՀՀ-ի շրջափակման խնդիրը»,-ասաց նա:
Հրանուշ Հակոբյանը նշեց, թե սփյուռքին հանձնարարել, պահանջել, առավել ևս հրամայել չես կարող, և պետք է փոխադարձ վստահություն հիմնել, գործակցության եզրեր փնտրել:
Նախարարն ասաց, թե Սփյուռքում շատերը կարծում են, թե հայրենիքից շահ չպետք է ստանալ, իսկ իրենք ամեն ինչ արել են` հակառակը համոզելու, որ փոխեն այդ մոտեցումը և ներդրումներ անեն ու շահ ստանան:
Նախարար Հակոբյանը հիշեցրեց այս տարիներին նախարարության որդեգրած կարգախոսները, որ «Երեք տարին մեկ հանգստանան Հայաստանում», «Չպետք է աշխարհում լինի հայ, որ իր հայրենիքը տեսած չլինի», նաև «Առնվազն երեք որդով սեղան նստել», «Հայկական անուն ազգանունները նոր ծնվող երեխաների վրա պահպանել» և այլն:
Հրանուշ Հակոբյանը հիշեցրեց, որ Կառավարությունը պահանջում է գերակա խնդիրներ առանձնացնել և իրենք 17թ-ի համար առանձնացրել էին սիրիահայերի խնդիրները, ապա ներդրումների հարցը բարձրացրել: Որպես այս տարվա գերակա խնդիր են առանձնացրել Սփյուռքում երիտասարդության դերի բարձրացումը, մշակույթի զարգացումը սփյուռքում և այլն:
Սփյուռքի նախարարը նշեց, որ թիրախում այժմ երիտասարդությունն է, նրանց ներգրավվածությունը և մայրենի լեզվի պահպանման խնդիրը: «Ամենամեծ ծրագիրը դասագրքերի, նյութերի մատակարարումն է: Միայն անցյալ տարի 86 000 գիրք ենք տրամադրել հայկական սփյուռքի 300-ից ավել դպրոցների»,-ասաց նա:
Նախարարը կարևոր ծրագիր համարեց «Արի տուն»–ը, որի շրջանակներում 8000 երեխա եկել է ՀՀ, 15 000 ընտանիք իրեր է կապվել: «Այսինքն՝ 80 000 մարդ հայկական աշխարհում իրար հետ աշխատում է»,-ասաց նա: