ՀՀ ԱԳՆ-ը մեկնաբանել է Մամեդյարովի կոչը՝ չթույլատրել Արցախցիների մուտքը Ֆրանսիա
Մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ Ֆրանսիայի կառավարությանն ուղղված կոչը՝ չթույլատրել Արցախի քաղաքացիների մուտքն այդ երկիր, Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Սարգսյանը ասել է. «Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի կոչը ֆրանսիական կառավարությանը՝ խոչընդոտելու Արցախի քաղաքացիների այցերին, ոչ իրավազոր է և հանդիսանում է Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների ու ազատությունների, մասնավորապես, ազատ տեղաշարժվելու իրավունքի կոպիտ ոտնահարում»։
Նա նշել է, որ ընդհանուր առմամբ պարադոքսալ վիճակ է ստեղծվում: «Երբ մի երկիր, որտեղ, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների համաձայն, մարդու իրավունքների հետ կապված իրադրությունը վատթարագույններից մեկն է աշխարհում, փորձում է իր ստանդարտներն արտահանել այլ երկրներ։
Արցախի Հանրապետության քաղաքացիների անհատական և հավաքական իրավունքները հերքելու Ադրբեջանի քաղաքականությունը Արցախի մեկուսացմանն ու առճակատման շարունակմանն ուղղված՝ Ադրբեջանի ընդհանուր ռազմավարության առանցքային բաղկացուցիչներից մեկն է, ինչը հակասում է հակամարտության կարգավորման տրամաբանությանը, որը հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և դրանց պահպանման վրա»։