Ադրբեջանը պատրաստ չէ բանակցությունների. Շարմազանովը՝ սահմանին կրակոցների և կողմերի ներկայացուցիչների հանդիպման մասին
ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանել է շփման գծում կրակոցները։
«Կրակոցները հանդիպումների նախօրեին դարձել են տխուր ավանդույթ Ադրբեջանի համար։ Ադրբեջանը պատրաստ չէ բանակցությունների։ Մի բան ասում են բանակցությունների սեղանի շուրջ, անում մեկ այլ բան»,- նշել է նա։
Շարմազանովը խոսել է նաև այսօր Կրակովում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին, նշել, թե հանդիպման ժամանակ էլ մեր դիրքորոշումը հստակ է եղել։ «Եթե ուզում ենք առաջընթաց արձանագրել, ապա նախ եւ առաջ պետք է իրականացնել պայմանավորվածությունները։ Առանց դրանց իրականացման անհնար է ակնկալել լուրջ առաջընթաց բանակցային գործընթացում»,- նշել է Շարմազանովը։
Նա նշել է, թե միջազգային իրավապաշտպան կառույցներն էլ են արձանագրում, որ Արցախի Հանրապետությունը ժողովրդավարական հանրապետություն է, իսկ Ադրբեջանը շարունակում է մնալ ոչ ժողովրդավարական և տոտալիտար հասարակարգ։