«Օրենքով գող» Գիզոյին Ռուսաստանից հինգերորդ անգամ են արտաքսել
Մոսկվայի Սոլնցևյան շրջանային դատարանը որոշում է ընդունել Ռուսաստանի սահմաններից 40-ամյա «օրենքով գող» Գիզո Կարդավային, որը քրեական միջավայրում ավելի հայտնի է Գիզո Գալսկի անունով, հարկադիր արտաքսելու մասին: Այս մասին հաղորդում է «Պրայմ-Կրայմ» գործակալությունը:
«Երկրի տարածքում նրա գտնվելու անցանկալիության մասին որոշումը՝ մուտք գործելու ցմահ արգելքով ստորագրել է անձամբ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը: Գիզո Կարդավան նախօրեին ձերբակալվել է «Վնուկովո» օդանավակայանում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նույն օրը օպերատիվ աշխատողների հսկողությամբ «օրենքով գողը» Ռուսաստանից Թուրքիա է ուղարկվել Մոսկվա-Ստամբուլ չվերթով: Գիզոյի կենսագրության մեջ այս արտաքսումն արդեն 5-րդն է:
Ինչպես նշում է գործակալությունը, ձերբակալվելիս «օրենքով գողը» վրացական նոր անձնագիր է ներկայացրել Գրիգորի Գվարամիա անունով, որը տրվել է Կիպրոսում Վրաստանի դեսպանատանը, որտեղ վերջին շրջանում հաստատվել էին Կարդավա եղբայրները:
«Մեր տեղեկություններով՝ «մինգրելյան» գողական կլանը, որին Գիզոն պատկանում է, նաև նրա հարազատ եղբայր Գելան և աներ Մերաբ Մզարելուան, ծրագրում է առաջիկայում ամբողջ կազմով հավաքվել Թուրքիայում»,- հայտնում է գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ բացառված չէ, որ գողական հավաքը նվիրված է Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդ, «օրենքով գող» Ասլան Ուսոյանի սպանության 5-րդ տարելիցին: