Այսօր Կոնստանտին Ստանիսլավսկու ծննդյան օրն է
Կոնստանտին Սերգեյի Ստանիսլավսկին ծնվել է հարուստ ռուսական ընտանիքում։ Ընդունել է Ստանիսլավսկի կեղծանունը, որպեսզի վտանգի տակ չդնի ընտանիքի հեղինակությունը։
Կոնստանտին Ստանիսլավսկին (իսկական ազգանունը՝ Ալեքսեև) բեմական առաջին փորձերն արել է 1877 թվականից՝ ընտանեկան «Ալեքսեևյան խմբակում»։ 1878–81 թվականներին սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ 1888 թվականին հիմնադրել է (Ալեքսանդր Ֆեդոտովի և Ֆեոդոր Կոմիսարժևսկու հետ) Արվեստի և գրականության ընկերությունը, որտեղ խաղացել է Բարոն (Ալեքսանդր Պուշկինի «Ժլատ ասպետը»), Ֆերդինանդ (Ֆրիդրիխ Շիլլերի «Սեր և խարդավանք»), Օթելլո (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո») և այլ դերեր։ Օժտված լինելով բնածին տաղանդով, վառ երևակայությամբ և բացառիկ հմայքով՝ Ստանիսլավսկին վաստակել է ականավոր դերասանի փառք։ Ռեժիսորական աշխատանքներում ձգտել է գտնել գեղարվեստական ճշմարտությունն արտահայտող ավելի նուրբ արտահայտչամիջոցներ (Լև Տոլստոյի «Լուսավորության պտուղները», Գերհարդ Հաուպտմանի «Ջրասույզ զանգը» և այլն)։
Ստանիսլավսկին 1898 թվականին հիմնադրել (Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ) և ղեկավարել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնը, բեմադրել առաջին ներկայացումը՝ Ալեքսեյ Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան»։ Մոսկվայի գեղարվեստական թատրոնի իսկական ծնունդն ու համաշխարհային բեմարվեստի նոր ուղղությունը պայմանավորված է Անտոն Չեխովի «Ճայը» ներկայացումով (Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ)։ Այնուհետև բեմադրել են Չեխովի «Քեռի Վանյա», «Երեք քույր», «Բալի այգին» պիեսները։ Խորապես ընկալելով Չեխովի դրամատուրգիայի բուն էությունը, կենսական ճշմարտությունը և բանաստեղծականությունը՝ Ստանիսլավսկին և Նեմիրովիչ-Դանչենկոն գտել են այն ներկայացնելու հատուկ եղանակ, նոր հնարանքներ՝ բացահայտելու մարդու ներաշխարհը։ Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի նորարարական բեմադրություններից են նաև Մաքսիմ Գորկու «Քաղքենիները», «Հատակումը», Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը», «Ստեպանչիկովո գյուղը» (ըստ Ֆեոդոր Դոստոևսկու), Մորիս Մետեռլինկի «Կապույտ թռչունը» (Լեոպոլդ Սուլերժիցկու և Իվան Մոսկվինի հետ)։ Ստանիսլավսկու՝ Դոկտոր Շտոկմանի (Հենրիկ Իբսենի «Ժողովրդի թշնամին») դերակատարումը թատերարվեստում գեղարվեստական մեծ երևույթ էր։ Սատինի (Գորկու «Հատակում») դերը խաղացել է հեղինակին հարազատ ռոմանտիզմով և հզոր շնչով։ Ստանիսլավսկու երգիծական ձիրքը դրսևորվել է Ֆամուսովի (Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Արգանի (Ժան-Բատիստ Մոլիերի «Երևակայական հիվանդ»), Կավալեր Ռիպաֆրատտայի (Կառլո Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին») և այլ անձնավորումներում։
1910-ական թվականներից Ստանիսլավսկին սկսել է մշակել ստուդիական աշխատանքի եղանակ, որի ընթացքում ձևավորվել է նրա համակարգը՝ դերասանի հոգեբանական վարքագծի, պիեսի և դերի ըմբռնման մասին։ Ստանիսլավսկու համակարգը բեմարվեստում հոգեբանական ռեալիզմի այն ուղղության տեսական արտահայտությունն է, որ ինքն անվանել է վերապրումի արվեստ. այն դերասանից պահանջում է յուրաքանչյուր ներկայացման ժամանակ ոչ թե նմանակել, այլ գրական կերպարի հույզերն ու ապրումները սեփականի նման զգալու և հոգեբանորեն ստույգ վերարտադրելու կարողություն։
1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սկսվել է Ստանիսլավսկու ստեղծագործության նոր փուլը. բեմադրել է Նիկոլայ Գոգոլի «Ռևիզորը», Ալեքսանդր Օստրովսկու «Ջերմ սիրտը», Պիեռ Օգյուստեն Բոմարշեի «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» և այլ պիեսներ։ Ստանիսլավսկին ձգտել է բարեփոխումներ անել նաև երաժշտական թատրոնում։
1918 թվականին ղեկավարել է Մեծ թատրոնի օպերային ստուդիան, 1935 թվականին ստեղծել է օպերային-դրամատիկական ստուդիա։ Նրա գործունեությունը որոշակիորեն ազդել է XX դարի ռուսական և համաշխարհային թատերարվեստի զարգացման վրա։ Ստանիսլավսկին հայ մշակույթի և նրա ականավոր գործիչների հետ շփվել է դեռևս պատանեկան տարիքից՝ Լազարյան ճեմարանում։ Նրա մտերիմ բարեկամներից էին դերասան Գեորգի Բուրջալովը և ռեժիսոր Քրիստափոր Պետրոսյանը։ Նկարիչ Վարդգես Սուրենյանցի ձևավորմամբ Մոսկվայի գեղարվեստական թատրոնում Ստանիսլավսկին բեմադրել է Մետեռլինկի 3 փոքրածավալ պիեսներ։ Բարեկամական սերտ կապեր է ունեցել նաև հայազգի գործիչներ Նիկիտա Բալիևի, Կարեն Միքայելյանի, Ալեքսեյ Ջիվելեգովի հետ։ Նրա հետևորդներից էր ռեժիսոր Օվի Սևումյանը։ Ստանիսլավսկու և հայ թատրոնի մերձեցմանը նպաստել է Եվգենի Վախթանգովը։ Մոսկվայի օպերային թատրոնում, Մարտիրոս Սարյանի ձևավորմամբ, Ստանիսլավսկին բեմադրել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքլորիկ» օպերան, իսկ Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրության ձևավորման աշխատանքը մնացել է անավարտ։ Հայերեն թարգմանվել են Ստանիսլավսկու «Իմ կյանքն արվեստում» (1954 թվական) ու «Դերասանի և ռեժիսորի արվեստը» (1981 թվական) գրքերը։ Ստանիսլավսկին ԽՍՀՄ ԳԱ պատվավոր ակադեմիկոս էր (1925 թվական)։
1948 թվականին Մոսկվայի նրա տունը վերածվել է թանգարանի, գործում են Ստանիսլավսկու անվան դրամատիկական, Ստանիսլավսկու և Վ. Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնները, Ստանիսլավսկու անվան միջազգային հասարակական բարեգործական հիմնադրամը և այլն։ Նրա անունով կոչվել են փողոցներ ՌԴ-ում, Ուկրաինայում, Երևանում՝ ռուսական դրամատիկական թատրոնը։ Կարագանդայում (Ղազախստան) տեղադրվել է նրա հուշարձանը (2010 թվական)։