Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին միանալ Արցախում անցկացվելիք մոնիթորինգին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ՅՈՒՆԵՍԿՕ-ին հրավիրել է միանալու Արցախում «ադրբեջանական մշակութային հուշարձանների» մոնիթորինգի անցկացմանը: Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությանը:
Այս հրավերն արվել է այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտաբ-բնակարանում կազմակերպության ղեկավար Օդրի Ազուլեի հանդիպման ընթացքում:
Էլմար Մամեդյարովն Ազուլեին հայտնել է, թե իբր հայերի կողմից ոչնչացվում են ադրբեջանական հինավուրց մշակութային հուշարձաններն այն տարածքներում, որոնք «օկուպացրել է Հայաստանը», մինչդեռ Ադրբեջանը «շատ նրբանկատորեն» է մոտենում հուշարձանների պահպանմանը: