Որոշ տաքսիստներ «մինիմալները» թանկացրել են 100-200 դրամով
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս տարվա հունվարի 1-ից սեղմված գազի, դիզվառելիքի ու բենզինի թանկացման հետևանքով որոշ անհատ տաքսու վարորդներ թանկացրել են «մինիմալ» գինը՝ 600-ից հասցնելով 700-800-ի: Ըստ որում, վարորդները ոչ թե սովորականի նման ասում են՝ մանր չկա, կամ՝ ինչ կտաս, կտաս, այլ պարզ հայտարարում են, որ գազի համար ավել են վճարում, քան նախկինում:
Նշենք, որ հեղուկ գազը թանկացել է 20-30-40 դրամով և նախկին 180-190 դրամի փոխարեն 1 խմ-ի դիմաց կազմում է 200-210 դրամ:
Նշենք, որ ակցիզի բարձրացման հետևանքով թանկացել են նաև քսայուղերը, ինչի հետևանքով հունվարի 4-ից թանկացել է Երևան-Հրազդան միջքաղաքային տրանսպորտի գինը՝ դառնալով 500 դրամ:
«Ավտովարորդների պաշտպանների լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, եթե բենզինի և դիզվառելիքի գները չնվազեն, քանի որ չի կարող լինել այնպես, որ ամեն անգամ էներգակիրների գնի բարձրացում լինի, իսկ ուղևորափոխադրումների սակագները մնան նույնը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում