Ֆրանսիայում քննարկվում է Մակրոնի հեղինակած գաղտնի էրոտիկ վեպը
Շշուկներն այն մասին‚ որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երիտասարդ տարիքում էրոտիկ սիրային գործ է գրել իր ուսուցչուհու հետ հարաբերությունների մեկնարկի մասին‚ տարածվել էին Ֆրանսիայում առաջին տիկնոջ կենսագրության բացահայտումների ֆոնին: Այդ ուսուցչուհին ներկայումս արդեն Մակրոնի կինն է՝ Բրիջիտ Մակրոնը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ֆրանսիական ԶԼՄ-ներին:
Համաձայն առաջին տիկնոջ կենսագրության հեղինակ‚ լրագրող Մաել Բրունի՝ 1993 թվականին 16-ամյա Մակրոնը սիրային վեպ է գրել և մի քանի բանաստեղծություն:
Սակայն նոր շշուկներ տարածվեցին այն բանից հետո‚ երբ Մակրոնի նախկին հարևանն ակնարկեց այն մասին‚ որ սիրային գործի առարկան Մակրոնի և նրա ապագա կնոջ հարաբերություններն են եղել‚ կնոջ հետ հետ նա ծանոթացել է‚ երբ սովորում էր դպրոցում:
«Մի անգամ նա ինձ խնդրեց 300 էջ ունեցող գիրք տպել‚ որը նա հենց նոր էր գրել»‚- պատմել է նա «Closer» ամսագրին:
Նրա խոսքով՝ «դա համարձակ վեպ էր‚ մի քիչ անպարկեշտ»: Նա նաև նշել է‚ որ անունները փոփոխված են եղել‚ սակայն վստահություն է հայտնել‚ որ Մակրոնը պետք է արտահայտեր այն‚ ինչ զգում էր այդ ժամանակ: