Թուրքիայի ԶՈՒ-ն Աֆրին ներխուժելու համար հրամանի է սպասում
Թուրքական Զինված ուժերը պատրաստվում են մտնել Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին քաղաք։ Այս մասին գրում է Ermenihaber-ը՝ հղում տալով «Sondakika» լրատվականին: Կայքի տեղեկացմամբ, ԶՈՒ-ն արդեն շրջափակման մեջ է վերցրել քաղաքը և սպասում է հրամանի։
Ըստ աղբյուրի, հունվարի 17-ին տեղի է ունենալու երկիր Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում էլ, ամենայն հավանականությամբ Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու որոշում կկայացվի։
Նշենք, որ Թուրքիան ամիսներ շարունակ զինտեխնիկա է կուտակում Սիրիայի Աֆրին քաղաքին սահմանակից թուրքական Քիլիս շրջանում: Այժմ 10 հազար թուրք զինվոր, ինչպես նաև «Սիրիայի ազատ բանակ»-ի 15 հազար զինվոր սպասում են հրամանի, որպեսզի ներխուժեն Աֆրին:
Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին դիտարկում է որպես ահաբեկչական կազմակերպություններ: Թուրք պաշտոնյաները բազմիցս հայտնել են, որ երբեք թույլ չեն տա, որ Սիրիայի հյուսիսում քրդերը պետություն ստեղծեն: